Փաշինյանը հորդորեց Արցախին հրաժարվել նոր էսկալացիայի տանող հայտարարություններից, փոխարենը՝ սկսել քաղաքական խոսակցություն Բաքվի հետ։ Այս մասին կառավարության հունվարի 12-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԼՂ գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ այն անհնար դարձնելու մեջ։
«Առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պետք է որոշակի պատկերացում ունենալ, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը։
Այս հարցում էլ, նրա համոզմամբ, ԼՂ ժողովրդի արձագանքը պետք է լինի ասիմետրիկ։ Ի՞նչ է սա նշանակում։
«Վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների ու իրադրությունների մեր գնահատականը պետք է լինեն փաստահենք։ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար»,- ընդգծեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփակերտի միջև քաղաքական և պաշտոնական ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը։ Չպետք է արվեն գործողություններ, որոնք կնպաստեն այս սադրիչ խնդրի լուծմանը, կարծում է երկրի ղեկավարը։
«Մեր դիվանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող մեր բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պետք է կրկնապատկեն ջանքերը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու և տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։ Այս իմաստով հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը պիտի շարունակի հնարավոր միջոցներ ձեռնարկել առաջացող օպերատիվ հարցերը լուծելու համար։
Փաշինյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի կողմից արդեն շարունակվում է 32 օր, երկուշաբթի օրը խափանվել է ԼՂ-ին ՀՀ-ից մատակարարվող էլեկտրական էներգիա մատակարարող գծի աշխատանքը։ Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ո՛չ ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ։
«ԼՂ-ին էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը նոր խնդիրներ է ստեղծել․ սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլ էներգիայի տեղական հզորությունները չեն բավարարում։ Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք՝ այդ թվում անհրաժեշտ սննդի բացակայության պատճառով։ Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով իրավիճակը ԼՂ-ում»,- ասաց նա։
Վարչապետի գնահատականով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելը սեփական հայրենիքում ապրելու հայության կամքը կոտրելու նպատակ ունի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: