Մոսկվան անհանգստացած է Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում վերջին շաբաթների ընթացքում ի հայտ եկած բացասական միտումով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կոշտ հռետորաբանության ակտիվացումը և մեղադրանքների փոխանակումն ուղեկցվում են տարածաշրջանում լարվածության աճով։ Մենք կոչ ենք անում հայկական և ադրբեջանական կողմերին բարի կամք դրսևորել և համատեղ փոխզիջումներ փնտրել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այդ հարցում կցուցաբերի աջակցություն։ Զախարովան հավելել է, որ Երևանը, ցավոք, 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ադրբեջանցիների հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու հնարավորությունը բաց է թողել, այն կարող էր օգտագործվել խնդրահարույց թեմաները քննարկելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Բայց, այնուամենայնիվ, մեր առաջարկը մնում է ուժի մեջ։ Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների համար»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: