Հայաստանի ու Արցախի միջև տարաձայնություններն ակնհայտ են։ Այսպիսի կարծիք Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ պարզաբանելով Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին հնչող Հայաստան-Արցախ փոխադարձ հայտարարությունները։
Նրա խոսքով՝ իրավիճակը բավականին լուրջ է այն իմաստով, որ Փաշինյանն արդեն բացեիբաց հայտնում է Արցախը հանձնելու իր ցանկության մասին, և ցանկացած խոսակցություն 29 800 քառակուսի կիլոմետրի շուրջ, հենց դրա մասին է։
«Եվ դրան լեգիտիմացնում է այն հայտարարությունը, իբրև ամբողջ աշխարհը Արցախը պատկերացնում է Ադրբեջանի կազմում, որն իրականության հետ կապ չունի։ Միջազգային մանդատ ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա գոյությունն էլ հենց դրա համար է, որ հասկանա Արցախի կարգավիճակը, այլ ոչ թե հստակեցնի Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում»,- ասաց Միքայելյանը։
Ինչ վերաբերում է մնացած տարաձայնությունների պատճառներին, ապա, փորձագետի խոսքով, Արցախում այս իրավիճակը տեսնում են իրենց համար քաղաքական և անվտանգային ռիսկերի տեսանկյունից, իսկ Փաշինյանի համար դա ուղղակի իր աշխարհքաղաքականության շարունակությունն է, և կոնկրետ Արցախի բախտը նրան այնքան էլ չի հետաքրքրում։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 12-ին արած հայտարարություններին, թե ԼՂ-ն պետք է Ադրբեջանի հետ քաղաքական խոսակցություն սկսի, իսկ արցախյան գործընկերները զերծ մնան կտրուկ հայտարարություններից, Հրանտ Միքայելյանն ասաց, որ ցավոք Արցախն էլ, համայն հայությունն էլ լուռ հանձնվում է արդեն բավական երկար ժամանակ և տրվում է այդ խաղին։ Իսկ այդ խաղի բաղկացուցիչ մասը նաև այն է, որ շատ ինտենսիվ քարոզչություն է իրականացվում, որպեսզի Փաշինյանի դիրքորոշումը հաստատվի։
«Չնայած, որ ինքնին երևույթն ընդունելի չէ մեր բնակչության 90 և ավելի տոկոսի համար, սակայն մարդկանց մոտ չի ստեղծվում իրական տպավորություն, թե ինչ է տեղի ունենում։ Նրանք ուղղակի Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև տարաձայնությունների դեպքում, եթե ՀՀ իշխանությունների աջակից են եղել, անցնելու են նրա կողմը»,- նկատեց քաղաքագետը։
Այլ հարց է, որ, քաղաքագետի համոզմամբ, սա հստակ քաղաքական հարց է, այլ ոչ թե անձնավորված կամ հումանիտար հարց, ուր որ հաճախ տանում է Ալիևը, հաճախ էլ՝ Փաշինյանը, երբ խոսում է ժողովրդի անվտանգության, ապրելու իրավունքի մասին։
«Ապրելու իրավունքը չի կարող նույնիսկ քննարկվել, սա քաղաքական հարց է։ Եվ այստեղ իհարկե կան լուրջ տարաձայնություններ, որովհետև Փաշինյանը խոշոր առումով արդեն 2 տարուց ավել է, դարձել է ադրբեջանական իշխանությունների կարծիքների ու գաղափարախոսությունների ռետրանսլյատոր Հայաստանի Հանրապետության տարածքում,- ասաց Միքայելյանը։
Միևնույն ժամանակ, Ռուբեն Վարդանյանի անձով Լաչինի միջանցքի փակումը պայմանավորելու մասին տեղեկությունները փորձագետը համարում է անհիմն։
«Պարզ է, որ Ադրբեջանը կուզեր, որ Արցախը չունենա որևէ սուբյեկտայնություն, իսկ Ռուբեն Վարդանյանի գալը, որպես խոշոր ձեռնարկատեր, մեծ կապեր ունեցող անձնավորություն, ստեղծում է որոշակի նախադրյալներ, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը բարձրանա, իսկ դա դժգոհություն է առաջացնում Ադրբեջանում։ Բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանի գործողություններն անմիջապես կապված են Վարդանյանի նշանակմամբ, ամեն դեպքում, նա նշանակվել է անցած տարվա նոյեմբերի սկզբին, իսկ շրջափակումը շատ ավելի ուշ է տեղի ունեցել»,- պարզաբանեց փորձագետը։
Նրա համոզմամբ՝ պարզապես Ալիևը տեսնում է, որ Փաշինյանը չի արձագանքելու, չի խանգարելու, չի պատժվելու իր ագրեսիվ քաղաքականության համար և տարբեր գործիքներով փորձում է ճնշել արցախահայությանը։
Ամփոփելով խոսքը՝ Միքայելյանն ասաց, որ Ադրբեջանն ուզում է՝ Հայաստանն Արցախի հետ միասին գոյություն չունենա, այսինքն Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների դաշտը պետք է լինի զրոյական, նրա հետ ոչ մի բանի շուրջ քննարկում ունենալ հնարավոր չէ։