Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, որն անցում է Լաչինի միջանցքով, արդեն 33-րդ օր է ինչ փակ է: Ադրբեջանի ինքնակոչ «էկոակտիվիստները» շրջափակման մեջ են պահում Արցախը՝ կանգեցրելով նրան լուրջ հումանիտար ճգնաժամի առաջ։
Armenia Today֊ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքվելով, թե ինչպե՞ս են գնահատում Հայաստանի և Արցախի իշխանությունների քայլերը Արցախը շրջափակումից դուրս բերելու ուղղությամբ։
Հարցման մասնակիցների մեծ մասը իշխանությունների քայլերը բավարար չեն համարում։ Նրանց կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները խնդիրը չեն լուծում, «իրական քաղաքական քայլեր» չեն կատարում:
«Իշխանությունը ոչ մի ջանք չի գործադրում, ընդհակառակաը, եթե իշխանությունը թույլ չտար, Ալիև կոչվածը քանի՞ գլուխ ուներ, որ հանկարծ Լաչին փակեր: ՍԵրժ Սարգսյանի ժամանակ Ալիևը վախենում էր միայն Սերժի անունից, այս իշխանությունը հիմա ցեղասպանություն է անում, թանկությունը մի կողմից, հարկերը մյուս կողմից, ամեն ինչ կործանվում է երկրում, չգիտեմ՝ մինչև ե՞րբ»,- հայտարարեց հարցվածներից մեկը:
«Ես ջանքեր չեմ տեսնում, դրանք քաղաքական ջանքեր չեն, դրանք ուղղակի կոսմետիկ բաներ են, իրական քաղաքական քայլեր չեն արվում»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Հարցվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր կարծում են, որ Հայաստանի իշխանությունները բավականաչափ ջանքեր են գործադրում, սակայն հարցի լուծումն իրենցից կախված չէ։
«Ճիշտ է, շատ վատ է, որ փակ է: Կարծում եմ՝ ամեն ինչ արվում է, ինչ կարող են»,- ասացին նրանք:
Armenia Today դեկտեմբերի 22-ին նույնպես հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում: Նշենք, որ այդ հարցման մասնակիցների մեծ մասը դրական էր գնահատել Լաչինի միջանցքների ապաշրջափակման ուղղությամբ հայրենի իշխանությունների ջանքերը: Պատկերը, կարծես թե, փոքր-ինչ փոխվել է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: