Խորհրդանշական է և ցավալի, որ ուղիղ 33 տարի անց Ադրբեջանի իշխանությունները կրկին ամեն ինչ անում են անհնար դարձնելու հայերի կյանքը Արցախում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ այսօր լրանում է Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերի 33-րդ տարելիցը:
«1990թ. հունվարին Բաքվի հայ բնակչության դեմ իրականցված ջարդերի հետևանքով Բաքվում հայ չմնաց: Սումգայիթում, Գանձակում և Բաքվում իրագորված ոճրագործությունների և դրանց անպատժելիության հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ–ում հայերի կյանքը դարձավ անհնար: Հատկանշական է, որ ջարդերից փրկված բազմաթիվ հայ փախստականներ տեղափոխվեցին և իրենց կյանքը շարունակեցին Արցախում»,- գրել է նա:
Պետնախարարն ընդգծել է, որ տասնամյակներ շարունակվող պատերազմներից, մարդկային կորուստներից հետո այժմ էլ պարտադրված շրջափակում և չդադարող հոգեբանական ճնշում է գործադրվում Արցախում ապրող հայերի դեմ:
«Մեթոդները կարող են փոխվել, սակայն նպատակը պարզ է և հստակ՝ հարկադրել հայերին լքել իրենց հայրենիքը: Այդուհանդերձ, մենք այդ ընտրությունը չունենք: Մենք մեր տնից դուրս չենք գալու, որքան էլ բարդ լինի իրավիճակը: Դա ծանր որոշում է, բայց դա նաև պատմական անհրաժեշտություն է՝ փրկելու Արցախը ոչնչացումից: Դա նաև հայկական աշխարհի պահպանման երաշխիք է»,- նշել է նա:
Վարդանյանի խոսքով՝ այսօր հարգանքի տուրք է մատուցում 1990թ. Բաքվի ջարդերի հետևանքով զոհ գնացած հայրենակիցների հիշատակին: Նա նշել է, որ եթե Ադրբեջանին թվում է՝ հայերից ազատվելով պետք է հասնել խաղաղության, ապա դա շատ սխալ և վտանգավոր պատկերացում է:
«Ադրբեջանը պետք է գտնի ուղիներ հայերի հետ խաղաղության հաստատման հարցում: Մենք մշտապես բաց ենք եղել կառուցողական քաղաքական երկխոսության առջև: Բայց մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում արժանապատիվ, ազատ ու անվտանգ կյանքով ապրելու իրավունքից»,- եզրափակել է Արցախի պետնախարարը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: