Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, միջազգային հանրությանն էլ կոչ է արել՝ աջակցել շրջափակումը վերացնելու հարցում: Այս մասին նշվում է կազմակերպության Twitter-յան միկրոբլոգում։
Կազմակերպությունը նախ նկատել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ ամսից ավելի շարունակվող շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական պաշարները նվազում են։
«Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն՝ աջակցել շրջափակումը վերացնելուն և առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է ապահովվեն»,-նշել են Freedom House-ից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: