Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն կոչ է արել անհապաղ վերացնել շրջափակումը, որը խոչընդոտում է տեղի բնակչությանը պարենի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարմանը, հաղորդում է Եվրախորհրդարանի կայքը: «Շրջափակումը պետք է անհապաղ վերացվի, որպեսզի խուսափեն մարդասիրական հետևանքներից և խաղաղ գործընթացի վրա անուղղելի բացասական ազդեցությունից»,-հայտարարել է Զովկոն:
Նա կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները՝ իր իրավասության շրջանակներում և այն պարտավորություններին համապատասխան, որոնք նա ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ հայտարարության շրջանակներում, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու և պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների դեֆիցիտի պայմաններում տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար։
«Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին Լաչինի միջանցքի գործունեության հետ կապված բոլոր խնդիրները լուծել երկխոսության և բոլոր ներգրավված կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով, իսկ ԵՄ ինստիտուտները՝ անհապաղ ակտիվացնել իրենց մասնակցությունը միջնորդական ջանքերին և կանխարգելիչ դիվանագիտությանը, որպեսզի ներդրում ունենան շարունակվող ճգնաժամի լուծման գործում և կանխեն հետագա էսկալացիան», – եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: