Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնել է ԱՀ առողջապահության նախարարությունը:
«Նրանք ՀՀ են տեղափոխվել «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» և «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 28 հիվանդ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությյան մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: