Արցախում արտահերթ ընտրությունները կարող են հանգեցնել Արցախի դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիային: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասաց Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Արցախում արտահերթ ընտրությունների անցկացումը ներկա իրողություններում բավականին դժվար է: Պարզ է, որ դա կապված է Ադրբեջանի քաղաքականության հետ։ Բաքուն շատ սուր արձագանքեց Արցախի ընտրություններին նույնիսկ այն տարիներին, երբ գոյություն ուներ անվտանգության գոտին։ Հատկապես այսօր, երբ այդ անվտանգության գոտին այլևս չկա, չի բացառվում, որ ընտրությունների դեպքում ռազմական հարձակում տեղի ունենա»,- պարզաբանեց քաղաքագետը։
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հնչեցրած արտահերթ ընտրությունների գաղափարն ունի որոշակի ներքաղաքական և արտաքին քաղաքական տրամաբանություն, սակայն դրանց անցկացումը շատ լուրջ ռիսկեր է պարունակում, և հիմա ժամանակը չէ այդ ռիսկերի աստիճանը ստուգելու:
«Իհարկե, կան մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ Արայիկ Հարությունյանը հեռանա Արցախի նախագահի պաշտոնից։ Շատերը, այդ թվում արցախցիները, դժգոհ են նրա վարած քաղաքականությունից՝ Երևանի հետ երկխոսության, 44-օրյա պատերազմի հետևանքների առումով: Էլ չասած, որ Հարությունյանը լեգիտիմության հետ կապված խնդիրներ ունի։ Բայց, կրկնում եմ, Արցախում արտահերթ ընտրությունները կարող են հանգեցնել պատերազմի, հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը կուտակում է իր ռազմական ռեսուրսները և կարող է օգտվել ցանկացած հարմար պահից նոր ագրեսիայի համար, իսկ արտահերթ ընտրությունները կարող են պատրվակ ծառայել»,- կարծում է քաղաքագետը:
Արտահերթ ընտրությունների փոխարեն, ըստ նրա, կարող են տեղի ունենալ ներքին վերադասավորումներ, որպեսզի Արցախում ուժերի քաղաքական դասավորվածությունն ավելի համահունչ լինի հանրային ակնկալիքներին։
«Ինչ վերաբերում է պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա նա ունի լեգիտիմության բարձր աստիճան։ Բայց մենք պետք է հասկանանք, որ հասարակության վստահությունը նրան տրվել է «ավանսով»։ Այսինքն՝ հասարակությունը հույսեր է կապում նրա հետ, թեև երաշխիքներ չկան:
Մեկնաբանելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի և Արցախի Ազգային ժողովի միջև շփումների բացակայության մասին՝ քաղաքագետը նշեց, որ նման շփումներ վաղուց չեն եղել: Միքայելյանը ենթադրեց, որ այս հայտարարությունն ուղղված է արտաքին լսարանին, մասնավորապես Ադրբեջանին։
Հունվարի 14-ին Թովմասյանը հայտարարեց, որ չի բացառում Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները՝ «ներկայիս ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար»։ Նա հավելեց, որ նման ընտրությունների դեպքում կառաջադրի իր թեկնածությունը։
InfoPort.am-ը, վկայակոչելով արցախյան աղբյուրները, հայտնել էր, որ Վարդանյանը կարող է ազատվել հանրապետության պետնախարարի պաշտոնից։ Ինքը՝ Վարդանյանը, հունվարի 15-ին հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, հատկապես ստեղծված իրավիճակում. Միաժամանակ անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար նաև խորհրդարանի հրաժարականը»,- ասաց նա։
Արաքսյա Սնխչյան