ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո առկա իրավիճակին, սեպտեմբերյան ագրեսիային, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն, նաև առաջացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
«Ցավոք, 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և դրան հաջորդած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային ճգնաժամն ու մարտահրավերները սպառնում են Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով Հայաստանի կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: 44-օրյա պատերազմն ուղեկցվել է պատերազմանական հանցագործություններով և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած խախտումներով, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ, որոնք պատշաճ կերպով հետաքննված չեն և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը: Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը»-ասել է Միրզոյանը:
Նա շեշտել է, որ պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց ուժի՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցի կիրառման համար անպատժելիությանը՝ խախտելով ԵԱՀԿ սկզբունքները, նրա հիմնական փաստաթղթերում ամրագրված պարտավորությունները, և հանգեցնելով միջպետական և ներպետական հարաբերություններում բռնության լեգիտիմացմանը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ին ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտեց հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում գրավվեցին ևս երկու գյուղ և գերեվարվեցին հայ զինծառայողներ։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ օկուպացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ 150 կմ քառ: Այսօր Լաչինի միջանցքի շրջափակմամբ ադրբեջանական կողմը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ հետապնդելով հեռահար նպատակներ»-ասել է Միրզոյանը:
Նա նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, իբր բնապահպան ակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը՝ փաստացի մեկուսացնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնցից 30 հազարը երեխաներ են։
«Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն՝ ԼՂ վերադառնալ: Այդ երեխաների մի մասը բաժանված է ծնողներից և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է, որն ուղղորդվում և ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ օգտագործելով, այսպես կոչված, «էկոակտիվիստների» քողարկումը՝ իրենց գործողությունների արժանահավատ հերքման համար։ Ադրբեջանի այս գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի բացահայտ խախտում են հանդիսանում»։
Միրզոյանն ընդգծել է, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ։
«Լեռնային Ղարաբաղ սննդի, բժշկական և էլեկտրաէներգիայի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են։ Այժմ՝ շուրջ հինգ շաբաթ շրջափակումից հետո, բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ կարիք կա: Ավելին, ցրտաշունչ ձմեռային պայմաններում 3 օրով գազամատակարարման կանխամտածված ընդհատումը, դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում էլեկտրականության և հեռահաղորդակցության գծերի շարունակական խափանումները, Ադրբեջանի իշխանությունների նախապես ծրագրված գործողությունների ևս մեկ վկայություն է։ Սա լրջորեն ազդում է մարդկանց առօրյայի վրա և հանգեցնում է հումանիտար բնույթի մի շարք անբարենպաստ հետևանքների, ինչպիսիք են էլեկտրականության բացակայությունը, դպրոցներում ուսումնական գործընթացի, պետական գերատեսչությունների գործունեության, բիզնեսի խաթարմանը, հիվանդանոցներում և կենսական կարևորություն ունեցող այլ հաստատություններում ջեռուցման խափանմանը: Մարդիկ զրկված են ջեռուցումից և տաք ջրից։ Իշխանությունները սահմանափակումներ են ներմուծել վառելիքի, իսկ այժմ նաև՝ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար»-շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը:
Միրզոյանն ընդգծել է, որ մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։
«Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Կարծում եմ պետք է ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս: Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել ԼՂ բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկում է արտաքսել այն հայերին, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, վկայում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրության մասին։ Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը»-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: