Բաքուն կհասնի Ղարաբաղում հանքավայրերի շահագործման հետ կապված իրավիճակի մոնիթորինգի անցկացմանը, հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխտար Բաբաևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Մոնիթորինգը կարևոր է և կանցկացվի։ Շարունակվում է լուրջ աշխատանքը ադրբեջանական կողմի առաջադրած բոլոր պահանջների ուղղությամբ, և մենք կհասնենք դրանց կատարմանը», – ընդգծել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 11-ին նոտա է հղել ռուսական կողմին այն բանից հետո, երբ Բաքվի ներկայացուցիչներին չի հաջողվել այցելել Արցախի հանքեր։ Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուղևորությանը խանգարել է «տեղի բնակիչների նախապես ծրագրված ակցիան», իսկ ռուսական խաղաղապահ զորակազմը «ոչ մի գործողություն չի ձեռնարկել»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայրը 3 մլրդ դոլարով վաճառվել է բրիտանական Anglo Asian Mining Company ընկերությանը: Հանքավայրը գտնվում է Արցախում տեղակայված Base Metals ընկերության կառավարման ներքո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: