Հունվարի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
ԱԽ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հունամիտար ճգնաժամը:
Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպամանն ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: