Ռուսաստանը շարունակում է քրտնաջան և բարդ աշխատանք տանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված կոչը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Որպես եռակողմ պայմանավորվածությունների և փաստաթղթերի կողմ՝ Ռուսաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հավելենք, որ Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաև ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: