«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ: Այս մասին հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը:
«Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:
Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում՝ այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների: Նշված իրավիճակում անթույլատրելի ենք համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը բացահայտ մոլորեցնելու նպատակ են հետապնդում»-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: