Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց բուժառուներ այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունը:
«Նրանք ունեցել են «Հանգուցավոր էրիթեմա, պսևդոմոնասային վարակ, միջփորոքային միջնապատի դեֆեկտ»,
«Միզաքարային հիվանդություն, ձախակողմյան հիդրոնեֆրոզ»,«Միզաքարային հիվանդություն, վիճակ ձախ միզածորանի ստենտավորումից և լիթոտրիպսիայից հետո, ձախ միզածորանի բազմաթիվ քարեր, քրոնիկական պիելոնեֆրիտ, աջ երիկամի քար», «Թոքերի սարկոիդոզ», «Առաջնային միջնորմի դիֆուզ խոշոր B- բջջային լիմֆոմա՝ միջնորմի պարանոցային, պարատրախեալ, հարարմատային, պարաաորտալ, զստային լիմֆատիկ ախտահարումով, «Վիճակ հետին գանգափոսի՝ ուղեղիկի աջ կիսագնդի շրջանի ծավալային գոյացություն՝ հեմանգիոբլաստոմայի մասնահատումից հետո, վիճակ ձախից վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորումից հետո, շունտի թերֆունկցիա՝ հիդրոցեֆալիա» ախտորոշումներ» -ասված է հաղորդագրության մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 55 հիվանդ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: