ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քևին Մալլինը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները։ Այս մասին կոնգրեսականը գրել է Թվիթերի իր էջում։
«Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա դաժան շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը զրկել է 120 հազար հայի կենսական օգնությունից։ Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել։ Ես միացել եմ Հայկական խմբի իմ գործընկերներին՝ համահովանավորելու երկկուսակցական բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ-ին դատապարտել Ալիևի գործողությունները»,- գրել է կոնգրեսականը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: