Ես գիտեմ, որ ճնշում կա Արցախում իմ գտնվելու հետ կապված, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ հեռանա, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի։ Այս մասին այսօր կայացած Արցախի կառավարության նիստում հայտարարել է Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ իր հիմնադրած «Մենք ենք, մեր սարերը» հիմնադրամն ու գործակալությունը բավականին ծրագրեր է իրականացրել և համագործակցության օրինակ է դարձել պետական և մասնավոր հատվածների, Հայաստանի, Սփյուռքի, հայկական և ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջև:
Վարդանյանը բացատրել է, թե ինչու է հրաժարական տվել Արցախի պետնախարարի պաշտոնից։ «Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից:
Երկրորդը, վստահ եմ, որ մենք շատ ծանր ժամանակահատվածում շատ կարևոր գործ ենք արել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս ծանր ճգնաժամի պայմաններում՝ առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա 2-ը, առանց հոսանքի և գազի, ցույց տալով, որ որպես թիմ պատրաստ են ամեն ինչի: Դա ինձ համար շատ կարևոր փորձ էր, որի համար շատ շնորհակալ եմ:
Երրորդը, դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահը ավելի շատ տեղեկություն ունի, և հասկանում է իրավիճակը: Բայց մենք ունենք դրսի աշխարհ և ներսի աշխարհ: Ինձ թվում էր, որ դրսի ճնշումը չի օգնում մեզ ներսում ունենալ իրավիճակ, որ զգանք, թե կարողանում ենք այս ճնշման դեմ պայքարել ավելի ուժեղ: Ես կառավարության 110 օրվա աշխատանքը ներկայացրել եմ պարոն նախագահին, և պատրաստ եմ այն ավելի մանրամասն ներկայացնել հանրությանը»,-հայտարարել է Վարդանյանը։
Նա հայտարարեկ է, որ իր՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց հավելել է, որ ինքը ոչ միայն չի գնալու, այլև չի պատկերացնում իրեն առանց Արցախի։
«Ես ուրախությամբ կշարունակեմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ այս։ Մեր հիմնադրամը՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը, արդեն բավական ծրագրեր արել է։ Պետք է ասեմ, որ դա պետական և մասնավոր հատվածի, Հայաստանի, Սփյուռքի, հայկական և ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջև շատ կարևոր համագործակցության օրինակ էր։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը շարունակվի։
Ըստ Վարդանյանի՝ Ադրբեջանը, որը հույս ուներ մեզ ծնկի բերել, կոտրել, չարաչար սխալվեց։ «Ադրբեջանը տեսավ, որ մենք դարձանք ավելի միասնական, և անգամ վերացան անտարբերության դրսևորումները։ Իսկապես շատ ոգևորիչ էր լսել, թե ինչպես էին մարդիկ տարբեր համայնքներում ասում՝ մենք պատրաստ ենք դիմանալ առանց գազի ու լույսի, միայն թե մեզ մի դավաճանեք և եկեք շարունակենք պայքարը։
Իսկապես շատ ծանր է ձեր պատասխանատվությունը, որպես նախագահ, որ ընտրվել է պատերազմից չորս ամիս առաջ, շատ ծանր վիճակում եք, այսքան ժամանակ տանում եք այդ ծանրությունը»,-դիմել է նա Արայիկ Հարությունյանին։
«Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալություն, պարոն նախագահ, ամեն ինչի համար, չնայած, իսկապես, մենք ունենք տարաձայնություններ տարբեր մոտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք կարմիր գծեր, որ ոչ մեկին չի կարելի անցնել դրանք: Այդ կարմիր գծերը շատ կարևոր են մեր արժանապատվության, Արցախը հայկական, անկախ և արժանապատիվ պահելու համար: Ես վստահ եմ, որ մենք այդ ճանապարհը միասին ենք հաղթահարելու»,-եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնում նշանակվել է անցած տարվա նոյեմբերի 4-ին։ Դրանից մեկ ամիս անց Ադրբեջանը «բնապահպանական պատճառաբանություններով ամբողջությամբ շրջափակվեց Ացախը։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին Արցախի նախագահի և պետնախարարի միջև առկա տարաձայնությունների մասին։ Իսկ Իլհամ Ալիևը հայտնեց, որ Բաքուն Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի այն բանից հետո, երբ Վարդանյանը կհեռանա այնտեղից։ Իսկ երեկ պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տա ու Արցախից չի հեռանա։