Արցախի բնակիչները դժգոհում են սննդամթերքի կտրուկ թանկացումից, հայտնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի խանութներում հարցված մարդկանց։
Փետրվարի 24-ին Արցախի նկարահանող խումբն այցելել է Ստեփանակերտի սննդի մի քանի կետեր։ Այդ խանութները ստացել էին նոր ապրանքներ և պատրաստում էին վաճառքի։ Գնորդները լրագրողների հետ զրույցում դժգոհում էին ոչ թե հերթերից, այլ գներից, որոնք, իրենց կարծիքով, զգալիորեն աճել են։
Հունվարին Արցախի իշխանությունները հանրապետությունում ներդրեցին մի շարք ապրանքատեսակների գնման կտրոնային համակարգ։ Կտրոնները վերաբերում են բրնձին, մակարոնին, հնդկաձավարին, շաքարավազին և արևածաղկի ձեթին։ Իշխանությունները սահմանափակեցին նույն ապրանքների թանկացումը. բրինձը կիլոգրամը 510 դրամից ավելի չի կարող արժենալ. հնդկաձավարը՝ ավելի քան 630 դրամ, մակարոնեղեն՝ ավելի քան 440 դրամ, շաքարավազ՝ ավելի քան 530 դրամ, արևածաղկի ձեթ՝ լիտրը 940 դրամից ավելի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: