Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։ Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Հարությունյանը նշել է, որ, չնայած վերջին 80 օրերի ընթացքում Արցախի ժողովուրդը ամեն օր կրում է սոցիալական, տնտեսական հսկայական վնասներ, ունենում է հոգեբանական ծանր ապրումներ, նա ամեն օր ցուցաբերում է դրանք անխոնջ հաղթահարելու մեծ կամք ու վճռականություն:
«Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար»,- ասել է նախագահը:
Նախագահը հանձնարարել է նոր պետնախարարին առաջիկա օրերին մշակել և ներկայացնել սոցիալական նոր ծրագրերի փաթեթ՝ ուղղված կոմունալ վճարների, ընթացիկ այլ ծախսերի, ինչպես նաև հարկային և վարկային բեռի զգալի թեթևացմանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:
Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։