Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ԼՂ հիմնահարցն ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա լուծելու մասին հայտարարությունը։ Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է արել Թվիթերի իր էջում։
«Մենք ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ կերպով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքների հիման վրա»,- գրել է Հարությունյանը:
Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց ամբողջությամբ հաշվի առնելու Արցախի ժողովրդի հիմնարար և հավաքական իրավունքները։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ ԼՂ ստատուս-քվոն երկար չի կարող շարունակվել։ Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Շոլցը նաև մտահոգություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: