Արցախի ԱԽ որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր։ Խմբի ղեկավարն է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը: Այս մասին հայտնել է Արցախի ԱԽ-ն:
Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2023 թվականի մարտի 1-ին, ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անց է կացվել արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում, որին մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։
Հանդիպման օրակարգային հարցերն են եղել.
1. Արցախի բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը,
2. Արցախի էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը,
3. Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը,
4. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։
Խաղաղապահ զորախմբի հրամանատարը ներկայացրել է հանդիպման մասնակիցներին՝ որպես Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմեր։ Այնուհետև արցախյան խմբի ղեկավարը ադրբեջանական կողմին պարզաբանել է իր գլխավորած խմբի լիազորությունները, այն է՝ վերը նշված կոնկրետ հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ լուծումների որոնումը։
Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։ Վերջինս ընդգծել է նաև, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ:
Հարկ է նշել, որ ադրբեջանական խմբի մյուս անդամները զբաղվել են վերը նշված չորս կոնկրետ հարցերի քննարկմամբ և լուծումների որոնմամբ, ըստ այդմ՝ հանդիպման հետագա ընթացքը լիովին համապատասխանել է օրակարգով սահմանված շրջանակներին։
Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադաս մարմիններին և առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին։