Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է մարտի 5-ին ադրբեջանական զինվորականների կողմից Լեռնային Ղարաբաղում ոստիկաններով լի մեքենայի գնդակոծման փաստը։ Գերատեսչությունը հայտնել է, որ բախումը դադարեցվել է խաղաղապահների ջանքերով։
«2023 թվականի մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Դուքյանլար բնակավայրի շրջանում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցներով լի ավտոմեքենան։ Բախման հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել է մեքենայում գտնվող մեկ աշխատակից։ Ադրբեջանական կողմից կորուստները կազմել են՝ երկու զոհ, մեկ վիրավոր։ Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: