Այս պահին իրավիճակը շփման գծում հանդարտ է և հավելյալ լարվածության օջախներ չկան։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Անդրադառնալով նախօրեին ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակմանը, Ներսիսյանը նշել է, որ դեպքն արձանագրվել է հրադադարով հաստատված շփման գծում։
«Այդ հատվածը մեր վերահսկողության տակ է գտնվում, այնտեղ կարող է նաև քաղաքացիական բնակչություն հայտնվել, մարդիկ կան անասնապահությամբ են զբաղվում»,-նշել է արցախցի պաշտոնյան։
Նա հայտնել է, որ դիվերսիայից հետո ադրբեջանական կողմը դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի կարողանան դուրս բերել վիրավորներին և զոհերին։
Ներսիսյանը նաև նշել է, որ դեպքի հետ կապված ռուս խաղաղապահներին գնահատականները չեն տարբերվում հայկական կողմի գնահատականներից։ «Այս գործողություններով Ադրբեջանը փորձում է հայկական կողմին բերել բանակցությունների սեղանի շուրջ և իր պայմանները թելադրել»,-նշեց պետնախարարը։
Անդրադառնալով միջադեպին, Նեսիսյանը նշել է. «Մեր դիակներից մեկի վրա 20-ից ավելի հրազենային կարկոց է եղել, ինչն այս պարագայում վայրագություն է»։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: