Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները մարտի 8-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին հրավիրել էին խորհրդարան` իր արտահայտությունների համար բացատրություններ տալու։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Պետնախարարը մասնավորապես ասել էր․ «Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երևանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։ Ավելի ուշ պետնախարարն իր աշխատակազմի, տեղեկատվության բաժնի միջոցով խմբագրել էր ինքն իրեն՝ նշելով, որ իր ձեւակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել, կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»։
Սակայն ԱՀ օրենսդիրները կարծում են, որ Ներսիսյանի արտահայտությունները հակասում են Արցախի հարցի վերաբերյալ մինչ օրս պետական մակարդակով և ԱԺ-ի կողմից արված հայտարարություններին և սահմանած «կարմիր գծերին»՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։