Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, Հարությունյանը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա: Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ շրջափակման հարուցած մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, իսկ մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող բնական գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է։ Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների»,-նշել են նախագահի աշխատակազմում՝ հայտնելով, որ Հարությունյանը որոշ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: