Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ։
«Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման»,-նշվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ից հայտնում են, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից հիշեցնում են, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով:
Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել մարտի 1-ին հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։