Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ասել է, որ Ադրբեջանի հետ ինտեգրումն այլընտրանք չունի, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
«Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից հետո նա [Հարությունյանը] հուսահատված է վերադարձել Արցախ, քանի որ Փաշինյանը գրեթե բառացիորեն կրկնել է Բաքվի այն թեզերը, որ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու այլընտրանք չկա։ Հարությունյանը կարծում է, որ որպես նախագահ այլևս անելիք չունի, և պատրաստվում է հրաժարական տալ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ կա՛մ նրան կտարհամոզեն Մոսկվայից, կա՛մ նա հրաժարականի դիմում գրի»,- գրում է թերթը։
Թերթը նշում է, որ ավելի վաղ Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր Սահմանադրության փոփոխությունները, որոնց համաձայն Արցախում ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունք կունենա Ազգային ժողովը։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, և նախագահի ու ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Այս օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել ԱԺ լուծարումից, և օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել, պարզաբանում է թերթը։