Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դավթյանն անդրադարձել է Արցախի դատախազի պաշտոնում նշանակվելու լուրերին, իր՝ Արցախ այցի նպատակներին։
«Իմ այցը Արցախ նվազագույնն է, որ կարող եմ այս պահին անել, շատերը պետք է գան: Պաշտոնավարման ավարտից հետո սա ամենևին էլ իմ առաջին այցը չէ Արցախ»,-հայտնել է Դավթյանը։
Նա հայտնել է, որ դեռևս նախորդ տարի սեպտեմբերի երկուսին՝ Արցախի անկախության տոնին, գտնվելով Ստեփանակերտում՝ պատրաստակամություն է հայտնել աջակցել Արցախին։
«Իմ համեստ ներդրմամբ պատրաստ եմ աջակցել խնդիրների լուծմանը, ընդ որում՝ հնարավոր ցանկացած եղանակով և ըստ անհրաժեշտության: Նպատակս մեկն է՝ պարզապես այս դժվար պահերին գտնվել Արցախի, Արցախի ժողովրդի կողքին»,-հայտարարել է նա։
Նա ընդգծել է, որ պատրաստ է ծառայել այնտեղ, որտեղ իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արդյունավետություն կապահովեն:
«Ինձ համար կարևոր չէ ծառայողական կարգավիճակը ընդհանրապես, դա, իհարկե, հարթակն է կոնկրետ պատասխանատվության ու անելիքի, բայց առանց դրա էլ կարելի է օգտակար լինել: Բացարձակ անընդունելի է այսօր Արցախում ծառայողական որևէ դիրքում մրցակցության միտք գեներացնելը»,-հայտարարել է նա։
2016 թվականի հունիսին Արթուր Դավթյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Նույն թվականի սեպտեմբերին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։