Շրջանառվող տեղեկությունները, թե հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերը անվտանգ չեն, կեղծ են: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:
«Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ: Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի, կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով»,-նշված է հայտարարության մեջ:
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն կեղծ լուրերի տարածման մասով դիմել է ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: