Ադրբեջանը, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն օգտագործում է որպես գործիք՝ բացառելու ներգրավված պետությունների կողմից իր հանցավոր քաղաքականության կանխարգելմանն ուղղված հնարավոր միջոցների իրականացումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար հսկիչ անցակետ տեղադրելուն։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերի և հայտարարությունների պայմաններում։
«Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր ցեղասպան գործողությունները, այլև նախօրոք ազդարարում է դրանց մասին՝ չարժանանալով միջազգային հանրության դատապարտմանը կամ հակազդեցությանըԱկնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը»,- ասված է հայտարարությունում։
Ըստ Արցախի ԱԳՆ-ի՝ հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել է 2020թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները, սակայն անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։
Արցախի ԱԳՆ-ն այս համատեքստում ակնկալում է ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող ՌԴ միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
«Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»,- ասված է հայտարարությունում։
Ապրիլի 23-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել էր Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։