Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պարզաբանում է պահանջել Արցախի իշխանություններից՝ ապրիլի 30-ին ադրբեջանական անցակետում արցախցիների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունը ադրբեջանական տեսանյութի առնչությամբ, թե ինչպես են արցախցիները անձնագրային ստուգումներով և մեքենաների խուզարկություններով անցնում անցակետով, Աբրահամյանը «ոչ համոզիչ» է անվանել։
Նա նշել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվում ադրբեջանցիների տեղադրած անցակետի մասին, և «դժվար թե այդ հատվածով անցնող քաղաքացիները նախապես տեղյակ չլինեին»։ Աբրահամյանը զգուշացրել է, որ սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար, միջազգային հարթակներում «հիմնավորելու», որ միջանցքը իբր բաց է, շրջափակում չկա, իսկ արցախցիները պատրաստ են ապրել ադրբեջանական օրենքների շրջանակներում:
Պատգամավորը մատնանշել է, որ Հայաստանից Արցախ մուտքի մոտ և ադրբեջանական անցակետում ծառայում են Արցախի ոստիկանության աշխատակիցները, իսկ հարակից տարածքում՝ Հայաստանի սահմանապահ զորքերը, որոնք տեղյակ են իրավիճակի մասին։
«Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները, առանց որոնց թույլտվությամբ կամ համաձայնությամբ բացառված է Արցախի կամ Հայաստանի գրանցում ունեցող անձանց անցումը դեպի Արցախ կամ միջանցքի այն հատված, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետը»,- եզրափակել է Աբրահամյանը։
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։