ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնության՝ մայիսի 22-ի հայտարարությանը։
Հայտարարությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանին ևս կոչ էին արել դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023-ի մայիսի 22-ի արած հայտարարությունները ու նշել, որ հակառակ դեպքում «լռությունը կդիտարկվի որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան», երկրորդ նախագահը նշել է․
«Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը»,-ասել է նա։
Քոչարյանը նշել է, որ ԱՀ ԱԺ-ն իր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ է տվել, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց իրենց։
«Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»,-հայտարարել է երկրորդ նախագահը։
Մայիսի 22-ին ԱՀ ԱԺ-ն իր հայտարարության մեջ դիմել էր ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Լռելու դեպքում ԱՀ ԱԺ-ում հայտարարել էին, որ այն կդիտարկեն որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան:
Մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի տարածքի 29,8 հազար քառ. կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է, Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները»։ Նա նաև հայտարարել է, որ «Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն ԼՂ հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ»: