Ծննդյան օրվա կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 միլիարդ դրամ է ներդրել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ծրագրերին: Տեղեկությունը Վարդանյանը հայտնել է իր սոցիալական ցանցերում:
«Ակնկալում ենք, որ կկարողանանք ներգրավել ևս 40 միլիարդ դրամ այն հայերից և Արցախի ընկերներից, որոնք անտարբեր չեն Արցախի նկատմամբ, որոնք վստահում են մեզ և աջակցում են մեր գործին։ Այն բոլոր՝ 700-ից ավելի նախագծերը, որոնք իրականացրել և որոնց աջակցել եմ, կոլեգիալ հիմունքներով են եղել, և այդ փորձը մեզ դեռ շատ է պետք լինելու Արցախում»,- նշել է նա։
Վարդանյանի խոսքով՝ ներդրված և ներգրավված գումարներն աննպատակ չեն ծախսվելու, չեն ուղղվելու անգործության խրախուսմանը: Այդ գումարներն ուղղվելու են շարժման ծրագրերին։ Շարժման նախաձեռնող խումբը կազմված է Արցախի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներից։
«Ճակատի» նպատակը, Վարդանյանի խոսքով, նույնն է, ինչ 35 տարի առաջ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ։ Տարբեր քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ հետ համատեղ քննարկումների և աշխատանքի ընթացքում ձևավորվել են Արցախի զարգացման հայեցակարգը և դրա իրականացման ճանապարհային քարտեզը։
«Այսօր մեր կողմից 77 աշխատանքային ուղղություններով ճանապարհային քարտեզներ են մշակվում, և դրանց նախագծումից հետո կլինեն ոչ թե տասնյակ, այլև հարյուրավոր նման նախաձեռնություններ: Նախագծերը կիրականացվեն Արցախի բոլոր առողջ ուժերի հետ համագործակցաբար՝ արդյունավետության հստակ սահմանված չափանիշներով: Բայց կարևորն այն է, որ բոլոր այդ նախաձեռնությունները ծառայելու են մեկ՝ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակին»,- հավելել է նա: