Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ուզած ձևով է ներկայացնում, ինչը բնական է, Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, երկրի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Այդպես էլ պետք է անեին, որ ցույց տային, իբրև այդտեղով մարդիկ ազատ անցնում են, ինչը բնական է, որ իրականությանը չի համապասխանում»,- ասաց նա՝ հավելելով, որ անցնում են միայն կարիք ունեցող մարդիկ հարազատների հետ՝ այն էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Բաբայանի խոսքով՝ թշնամիներն ամեն ինչ արել են, որ անցակետը լինի առևանգման, բռնության, հարկ եղած դեպքում մարդկանց կալանավորելու վայր, որովհետև համապատասխան ենթակառուցվածքներն այնտեղ կան, ստեղծված են: Բայց կան մարդիկ, ովքեր կարիքի մեջ են, լուրջ խնդիրներ ունեն: «Այո՛, շատ ծանր պրոցեդուրա է, բայց եթե մարդկանց կյանքի խնդիր է՝ ի՞նչ անել»,- ասաց Բաբայանը:
Նա մանրամասնեց, որ Լաչինի միջանցքի նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը չի փոխվել. «Սա խախտում է բոլոր պայմանավորվածությունների, 2020 թվականի չարաբաստիկ պայմանագրի, և պետք է վերականգնվի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ երևույթը ոչ այլ ինչ է, քան «Արցախը խեղդամահ անելու, շրջափակելու, կողպելու Ադրբեջանի քաղաքականությունը»:
Բաբայանի խոսքով՝ տեղափոխություններն իրականացվում են երկու եղանակով՝ Կարմիր խաչ և ռուս խաղաղապահներ: Վերջիններս, ըստ նրա, պետք է միշտ այնտեղ լինեն, քանի որ ցանկացած մարդու կարող են բռնել, իսկ դա Ադրբեջանի քմահաճույքին թողնելը ճիշտ չէ: Նրանք միշտ ուղեկցող ունեն այնտեղ, ինչը զինադադարի կոպիտ խախտում է, բայց գոնե մի քանի տոկոսով կարող է հոգեբանական զսպող ազդեցություն ունենալ՝ անվտանգությունն ինչ-որ կերպ ապահովելու առումով:
Արցախցի պաշտոնյան նշեց, որ կան տարբեր կատեգորիաներ, ասենք՝ ծայրաստիճան հիվանդը դիմում է Արցախի առողջապահության նախարարությանը, որն իր հերթին կառավարությանը կամ ռուս խաղաղապահներին է դիմում տեղափոխության հնարավորության համար: Մեկ ուրիշի, օրինակ, հարազատը Հայաստանում կարող է ծանր հիվանդ լինել կամ մահանալ, ինչի համար նույնպես սուր անհրաժեշտություն է առաջանում մեկնելու:
«Բնական է, որ սա ամենօրյա ռեժիմով չի, որովհետև ամեն օր հնարավոր չէ դա անել»,- պարզաբանեց Բաբայանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ փոխադրումների մասին՝ համապատասխանաբար 28 և 27 մարդու։ Հաղորդագրության մեջ ընդգծվել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անօրինականությունը։ Դրանից հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին հրապարակել անցակետով քաղաքացիների անցման տվյալներ։
Արաքսյա Սնխչյան