Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
«Հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նույն օրը Գիշի գյուղի բնակիչը ևս հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։ «Նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գյուղի բնակիչ` Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։ Վերջիններս մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են իր ուղղությամբ»,- ասված է ԱՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Գերատեսչության փոխանցմամբ՝ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են, հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Ավելի ուշ Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման 5 դեպքի մասին։