Լոս Անջելեսում ավարտվեց ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիաների հինգերորդ օրը, հայերը ցույց են անցկացրել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ, նշվում է SoCal Armenian Protests նախաձեռնության էջում։ «Մեր գործողությունների նպատակը Արցախի խնդրին լուծում տալն է»,- Facebook-ի իր էջում հայտարարել է ակցիաների համակարգողներից Դավիթ Մնացականյանը։
Կոնգրեսականի գրասենյակի առաջ նա պատմել է ակցիաների նախաձեռնողների մասին և հորդորել է չքաղաքականացնել շարժումը։ «Մենք ոչ մի կուսակցություն չենք ներկայացնում, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր շուրջ հավաքենք անհրաժեշտ թվով մարդիկ՝ մեր խնդիրը կոնգրեսականներին պատշաճ կերպով ներկայացնելու համար։ Այսպիսով, մենք կկարողանանք ավելի ճշգրիտ դիրքորոշում հայտնել արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ»,- հստակեցրել է Մնացականյանը։
Ցուցարարները որպես իրենց նպատակ անվանել են հայամետ կոնգրեսական Շիֆի միջնորդությունը Բաքվի վրա ԱՄՆ ճնշման գործիքների կիրառման հարցում Լաչինի միջանցքը բացելու համար։ Մնացականյանը նշել է, որ Լոս Անջելեսի հայերը Շիֆին աջակցել են ավելի քան 10 տարի, և այժմ նրա հերթն է կատարել ԱՄՆ Կոնգրեսում հայ համայնքի ոչ պաշտոնական ներկայացուցչի պարտականությունները։
Օգոստոսի 7-ից Լոս Անջելեսի հայերը բողոքի ցույցեր են անցկացնում՝ ի պաշտպանություն Արցախի։ Օգոստոսի 8-ին ցուցարարները գիշերել են Շիֆի գրասենյակի մուտքի մոտ, մեկ օր անց փակել են փողոցը՝ երթով շարժվելով դեպի կոնգրեսականի նստավայր։ Օգոստոսի 10-ին Շիֆը համաձայնություն է տվել մոտակա ժամանակներս հանդիպել ակտիվիստների հետ։