Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Օգոստոսի 15֊ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ»,- ասված է հայտարարությունում։
Գերատեսչությունը նշում է, որ այսպես Ադրբեջանը ձգտում է միջազգային ուշադրության ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։