Ստեփանակերտում բնակիչ Դավիթ Մինասյանը, որը սոցցանցում նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, երեկ կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն, իր Facebook-յան հայտնել է ինքը՝ Դավիթ Մինասյանը։ ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է նաև ևս մեկ այլ անձի բերման ենթարկելու մասին։
Դավիթ Մինասյանը տեղեկացրել է, որ երեք ժամ է մնացել ոստիկանությունում և արդեն ազատության մեջ է։
Մինասյանը նշել է, որ բերման է ենթարկվել իր նախաձեռնած հավաքից առաջ, որը նախատեսված էր օգոստոսի 26-ին՝ ժամը 18։00-ին։ Նրա խոսքով՝ պատրաստվում էր ելույթ ունենալ հավաքի ժամանակ, սակայն ոստիկանները եկել ու իրեն բերման են ենթարկել։ Մինասյանը հայտնել է նաև, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
«Իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն պատճառաբանությամբ, որ առանց թույլտվության հավաք եմ հրավիրել»,-հայտարարել է Մինասյանը։
ԱՀ ՆԳՆ-ից պարզաբանել են, որ քաղաքացիները խախտել են օրենքով սահմանված կարգը։
«Oգոստոսի 26-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում, Վերածննդի հրապարակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 34-ամյա Դ.Մ.-ն և 32-ամյա Խ.Հ.-ն Արցախի Հանրապետության նախագահի կողմից հայտարարաված ռազմական դրության պայմաններում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպել և անց են կացրել հավաք: Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն: Փաստի առթիվ Ստեփանակերտ քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր»,-հայտնել են ԱՀ ոստիկանությունում։
Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ Դավիթ Մինասյանին բերման են ենթարկում ԱՀ ՆԳՆ ոստիկանություն։