Բաքուն ակնկալում է, որ Երևանը «թղթի վրա կամրապնդի» Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
«Այժմ ժամանակն է պաշտոնական ստորագրությամբ ամրապնդել բանավոր ասվածը, իսկ դրա համար խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքների ավարտ է պահանջվում»,-նշել է նա:
Բայրամովի մյուս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Լաչինի ճանապարհն օգտագործվում է միայն ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ հիվանդներին տեղափոխելու համար:
«Ամեն օր տասնյակ հայեր հանգիստ անցնում են Լաչինի անցակետի երկու ուղղություններով։ Հիվանդներ են տեղափոխվում։ Բացի այդ, ԿԽՄԿ-ն տարածաշրջան է բերում դեղորայք և այլ անհրաժեշտ ապրանքներ»,-նշել է ադրբեջանցի նախարարը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի դիրքորոշումը բոլոր այլընտրանքային ուղիներն օգտագործելն է։ Նա մեղադրել է Հայաստանին դրանց շուրջ պայմանավորվածությունները խափանելու մեջ: Բայրամովը պատմել է, որ ավելի վաղ երթուղիների վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
«Վերջին պահին, սակայն, ինչպես նախկինում, այս դեպքում ևս Հայաստանի ղեկավարությունը կրկին տապալել է դրանք»,-ասել է Բայրամովը։
Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ Բայրամովը չի հստակեցրել։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։