Արցախի նախագահ է ընտրվել Սամվել Սերգեյի Շահրամանյանը, հայտնում է «Արցախպրես»-ը։
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11։00-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը՝ Արցախի նախագահ ընտրելու հարցով։
«Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։ Քվեարկության արդյունքում Արցախի ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել Արցախի նախագահ»,- հայտնում է աղբյուրը։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Արցախի ԱԺ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի ԱԺ-ն կընտրի նախագահ: