Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական և ներկայացուցիչ, Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է Լաչին-Ստեփանակերտ և Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ երկու բեռնատարներով Ստեփանակերտ մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը։
Բաբայանի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու բեռնատարների՝ մեկը Ակնայից (Աղդամ), մյուսը՝ Գորիսից Լաչինի միջանցքով անցնելու վերաբերյալ։ Սակայն արցախցի պաշտոնյան պարզաբանել է, որ Աղդամի ճանապարհը բաց չէ և բացման մասին խոսք չկա։
«Ուղղակի Արցախի բնակչության սովի հարցը լուծելու հրատապ անհրաժեշտություն կա, իսկ ժողովուրդը սովի է մատնված, ուստի Գորիսից Ստեփանակերտ հասցվել է մարդասիրական օգնություն՝ 23 տոննա ալյուրի տեսքով, Ակնայից՝ հիգիենայի պարագաներ, հիմնականում՝ շվեյցարական, ռուսական արտադրության, այնտեղ ադրբեջանական ապրանք չկա։ Սա, իհարկե, մի կաթիլ է մեր կարիքների ծովում, բայց, այնուամենայնիվ, սովահար Արցախի համար սա իսկապես շատ կարևոր է»,- ընդգծեց նա։
Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հնարավոր բանակցությունների վերաբերյալ Բաբայանը նշեց, որ քննարկվում են տարբեր տեսակի առաջարկներ, սակայն առայժմ կոնկրետ տվյալներ չկան։
Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր Կարմիր խաչի երկու բեռնատարների Ստեփանակերտ ժամանումը Լաչինի միջանցքով և Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհով միաժամանակ։ Տեղեկատվական շտաբից ավելացրել էին, որ մի քանի օրից նախատեսվում է ապրանքների փոխադրում ռուսական Ռոստով քաղաքից նույն ուղղություններով ԿԽՄԿ մեքենաներով։
Սեպտեմբերի 12-ին Ռուսական Կարմիր խաչի մարդասիրական բեռն Ասկերանով անցել է Արցախ։ Դրանից հետո՝ սեպտեմբերի 17-ին, Ադրբեջանը հայտարարել էր Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը կազմակերպելու Բաքվի պատրաստակամության մասին։ Նույն օրն Արցախի իշխանություններն ընդունել էին ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների առաջարկը՝ միաժամանակ օգտագործել Լաչինի միջանցքը և Աղդամով անցնող ճանապարհը՝ մարդասիրական պաշարների տեղափոխման համար։