ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով մարդասիրական բեռների միաժամանակյա տեղափոխումն Արցախ։
«ԱՄՆ-ը ողջունում է մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամի(Ակնա) ճանապարհով»,-X սոցցանցում (նախկին Twitter) հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը խրախուսում է ուղիղ բանակցությունները՝ հումանիտար մատակարարումների հոսքը մեծացնելու նպատակով։
Հուլիսի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպման ժամանակ Շառլ Միշելն ընդգծել էր Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը: Սեպտեմբերի 1-ին Միշելն առաջարկել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն մատակարարել Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով։
Սեպտեմբերի 19-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ մի քանի օր հետո Լաչինի միջանցքի ու Ակնայի ճանապարհի ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից ԿԽՄԿ-ի մեքենաներով բեռների տեղափոխում է նախատեսվում։ Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր հասցրել Ստեփանակերտ՝ անցնելով միաժամանակ Լաչինի և Ակնայի ճանապարհներով։
Սեպտեմբերի 17-ին հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են Բերձորի միջանքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկը, որն ստացել էին ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակից և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել էր Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։