Սեպտեմբերի 19-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվել ի աջակցություն Արցախի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ցուցարարները ՀՀ իշխանություններից պահանջել են պաշտպանել Արցախը և վանկարկել «Նիկոլը դավաճան է», ինչպես նաև փորձել են ճեղքել ոստիկանական շղթան կառավարության շենքի մուտքի մոտ, որից հետո ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, ոստիկանները կիրառել են խլացուցիչ նռնակներ։
Տեղի ունեցած բախումներից հետո ՀՀ ԱՆ-ն հայտնել է, որ բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: Նրանցից 17֊ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել, 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում, իսկ 1-ը վիրահատվել է:
Ցուցարարներին միացած ըննդիմադիր առաջնորդներից «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ դիմելով քաղաքացիներին կոչ է արել իշխանափոխություն իրականացնել։
«Ես առաջարկում եմ այստեղի պրոցեսների զուգահեռ քաղաքական ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց։ Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը, որ պայքարը հասցնենք հաջող ավարտին: Միասնական ջանքերով հասնելու ենք իշխանափոխության և ապահովելու ենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Մենք շարունակելու ենք մնալ Հանրապետության հրապարակում: Կոչ արեք բոլորին հավաքվել, որ կարողանանք համատեղ ջանքերով իրականացնենք մեր գլխավոր խնդիրը, որը իշխանափոխությունն է»,- հայտարարել է նա:
Ակցիայի մասնակիցները Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ որոշել են գիշերել Հանրապետության հրապարակում և վրաններ տեղադրել այնտեղ։
«Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ցանկացած քայլի և անձնազոհության հանուն Հայաստանի ու Արցախի: Ես ժողովրդին կոչ եմ անում անդադար և առանց ընդմիջումների սատար կանգնել մեր ծրագրին: Մենք մնալու ենք այստեղ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելը: Ինձ օգնեք տեղադրեմ այն վրանը, որտեղ մնալու եմ այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը գա, հավաքվի և մենք հասնենք փոփոխությունների»,- ասել է Թևանյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին և նշել, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Արցախի ԱՆ-ն հայտնել էր 128 վիրավորի (12 երեխա) և 25 զոհի մասին (2 քաղաքացիական անձ)։
Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր 27 զոհի և 200 վիրավորի մասին՝ նշելով, որ Մարտակերտի ու Ասկերանի հիվանդանոցների հետ կապ չկա, հայտնի չէ այդ շրջանների տուժածների ու զոհերի թիվը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման նպատակն անվանել էր ՀՀ-ին հակամարտության մեջ ներքաշելը և ընդգծել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ չէ և Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։