Արցախի Հանրապետությունում խաղաղապահ զորակազմի տեղակայման վայր է տեղափոխվել մոտ 5000 արցախցի, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
️«Պահպանվում է Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանն ու անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովմանը»,- նշել են ՌԴ ՊՆ-ում՝ տեղեկացնելով, որ ակտիվ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր ռուս խաղաղապահների ուժերով իրականացվել է խաղաղ բնակչության տարհանում Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել էր սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։