Հայազգի հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ինստագրամյան հետևորդներին տեսաուղերձի միջոցով պատմել է Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Նա նշել է, որ արդեն մի քանի ամիս է Ադրբեջանն անօրինական հարված է հասցնում Արցախին, սովահարությունն օգտագործում որպես զենք մարդկանց դեմ:
«Նրանք լայնամասշտաբ հարձակման են անցել։ Տուժել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Նրանք ռմբակոծել են քաղաքացիական ենթակառուցվածքները ռազմական ենթակառուցվածքների հետ միասին: Կան տասնյակ սպանվածներ»,- ասել է Թանկյանը:
Նա հայտնել է, որ հրադադարի պայմանավորածության արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, որը գոյություն ունի արդեն 30 տարի, կապիտուլյացիայի է ենթարկվել:
Թանկյանն ասել է, որ հարկավոր են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր, անհրաժեշտ է, որ միջազգային խաղաղապահ ուժերը հենց հիմա մտնեն այնտեղ։
«Աղաչում եմ, պատվիրակները, ովքեր կլինեն այնտեղ, հատկապես նրանք, ովքեր ներկայացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, այն երկիրը, որի քաղաքացին եմ ես և որի համար ես նույնպես հարկեր եմ վճարում, վերականգնել արդարությունը»,- նշել է նա:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023թ․ սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Եվլախում այսօր տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանը բանակցություններում ներկայացրել է պատգամավոր Ռամին Մամեդովը։