Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը ցինիկ և անբարոյական է անվանել «ռուսահայերի» մեկնաբանությունները, ովքեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգությունը որակել են Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արևմուտք շրջվելու հետևանք։ Այդ մասին նա ասել է Քսենյա Սոբչակին՝ ի պատասխան RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ Երևանի արևմտամետ քաղաքականության մասին խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։
«Ես ընդհանրապես չեմ ուզում դա մեկնաբանել այն իրավիճակում, երբ տեսնում ես վախից ու ողբերգությունից խենթացած մարդկանց այն բանի համար, որ չեն կարողանում գտնել իրենց սիրելիներին։ Շատ անհայտ կորածներ կան, և յուրաքանչյուր ընտանիք փնտրում է իր սիրելիներին։ Ինչ-որ մեկն արդեն սգում է մահացածներին, ուստի չեմ ուզում մեկնաբանել, թե ով ինչ է ասել։ Ինձ թվում է, որ սա Արցախից դուրս ապրող մարդկանց ճնշող ցինիզմն է։ Իրավիճակից օգտվելն ու այն մեկնաբանելն անբարոյականություն է»,- ասել է Վարդանյանը:
Նա հավելել է, որ շատ արցախցիներ պատերազմից հետո վերադարձել են՝ իմանալով, որ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահներ։ Սակայն թե՛ Հայաստանը, որը նախկինում հայտարարում էր, որ Արցախի անվտանգության երաշխավորն է, և թե՛ Արևմուտքը, որը լիովին հանգիստ է նայում Ալիևի ռեժիմի հանցագործություններին, չօգնեցին։
«Հասարակության մեջ, իհարկե, շատ ուժեղ բացասական տրամադրություններ կան միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ, որն այս դեպքում չօգնեց»,- նշել է նա։
Վարդանյանը հավելել է, որ հայերը պետք է ամեն ինչ անեն Արցախում ապրելու համար։ «Այս ուժերը մենք պետք է պահպանենք մեր մեջ մինչև վերջին պահը, որպեսզի պայքարենք և ապրենք մեր հողի վրա»,- եզրափակել է Վարդանյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։