Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա գտնվելու հարցը դեռ որոշված չէ, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որն այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձում հնչեցված հայտարարություններին։
«Առայժմ դժվար թե ինչ-որ մեկը դա ասի, քանի որ խաղաղապահներն այժմ այնտեղ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում»,- պատասխանել Է Պեսկովը։ Նա հստակեցրել է, որ Բաքվի հետ շփումները շարունակվում են, և «խաղաղապահներն աջակցություն են ցուցաբերում, ինչպես նաև ներկա են այն բանակցություններին, որոնք արդեն սկսվել են Ղարաբաղի հայերի և ադրբեջանական իշխանությունների միջև»։
Մեկնաբանելով հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը, Պեսկովը հայտարարել է, որ Առայժմ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման վերաբերյալ որևէ հստակ գծանշում չկա։
«Ինչ վերաբերում է մյուս խաղաղարար ջանքերին, ապա, անշուշտ, գլխավորն իրավիճակի կարգավորմանն օգնելն է։ Գլխավորը խուսափելն է, այսպես ասենք, ինչ-որ երրորդ կողմերի՝ միջնորդության ներուժի բացակայության պայմաններում իրենց ներկայությունը Կովկասում արձանագրելու փորձերից։ Դա դժվար թե օգնի իրավիճակին»,- ասել է Պեսկովը։
Պեսկովին նաև խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությունը:
«Հատկապես այս օրերին Հայաստանի հետ տարբեր մակարդակներում երկխոսությունը շարունակվում է։ Բոլորովին վերջերս հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Փաշինյանի միջև։ Մենք հասկանում ենք այս պահի հուզական լարվածությունը և կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի և, առավել ևս, ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձերի հետ, որոնք իրական հերոսություն են դրսևորում՝ իրենց գործառույթները կատարելով իրենց մանդատին համապատասխան»,- ասել Է Պեսկովը։
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն երբեք չի համաձայնի Ղարաբաղում խաղաղապահների հասցեին հնչեցված կշտամբանքների հետ։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի Հայաստանի հետ շփումները տարբեր մակարդակներում:
«Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը հայկական կողմի, Փաշինյանի հետ։ Այդ թվում՝ կշարունակենք աշխատել, որպեսզի պահպանվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները, նկատի ունենք՝ ղարաբաղցի հայերին»,- ասել Է Պեսկովը։
Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Նախիջևանում կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը:
«Մենք հույս ունենք, որ բոլոր հանդիպումները, որոնք անցկացնում է Ադրբեջանի նախագահը, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ, կնպաստեն տարածաշրջանի անվտանգությանը, կնպաստեն Ղարաբաղում տեղի ունեցածից հետո կյանքի նորմալացմանը»,- ասել է նա։
Սեպտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂ-ում էթնիկ զտումների դեպքում պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի և խաղաղապահ զորախմբի վրա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
Սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։