Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, և կարծես թե բոլորն էլ սպասում են փախչելու իրենց հերթին, X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին ՄԻՊ և պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, և կարծես թե բոլորն էլ սպասում են փախչելու իրենց հերթին։ Մնացածը կա՛մ Հայաստանում են, կա՛մ ճանապարհին։ Ոչ ոք պատրաստ չէ ապրել ադրբեջանական հպատակության տակ և դիմանալ կոշտ սպառնալիքներին։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն միջազգային աջակցությամբ»,- գրել է նա։
Բեգլարյանը նշելո է, որ մինչ բազմաթիվ կառավարություններ և միջազգային կազմակերպություններ շտապում են մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի տեղահանված քաղաքացիներին, նրանք, ովքեր դեռ Արցախում են, սովամահ են և տառապում են անհրաժեշտ իրերի բացակայությունից։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ի ժամը 20։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 98․625 անձ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։