1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։
Ըստ Գոռ Աբրահամյանի փոխանցած տվյալների՝
Արցախյան առաջին պատերազմի (1992–1994 թթ.) հետևանքով անհայտ է 777 անձի գտնվելու վայրը։
2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմի հետևանքով անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող։
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով, ըստ այս պահին առկա տվյալների, անհայտ է 12 քաղաքացիական անձի և շուրջ 30 զինծառայողի գտնվելու վայրը։
Նշվում է, որ վերջին կետում ներկայացված տվյալների ճգրտման գործընթացը շարունակվում է։
2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում էին սկսել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։