Տեր կանգնեք պահեստազորի սպաներին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է արցախցի զինթոշակառու փոխգնդապետ Արմեն Բաղրյանը։
«Ունեմ 3 անչափահաս երեխա, աշխատանք չունեմ, այդ թոշակն էր մեր հույսը՝ մինչև հետագա ոտքի կանգնելը, սակայն այսօր կառավարությունն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով պահանջներ է ներկայացրել։ Եթե պիտի գրանցվենք ինչ-որ հասցեում, ապա ինչո՞ւ ենք զորացրվել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով»,- նշում է նա։
Զինվորականի խոսքով՝ անորոշ վիճակում են, սակայն միտում չունեն որևէ հրահրման․ «Մեր խնդրանքն ու պահանջն է, որ տեր կանգնեն պահեստազորի սպաներին, քանի որ հայրենիքի համար մեծ աշխատանք ենք կատարել։ Վաղը հակառակորդն ախորժակը բացած Սյունիք է գալիս, այս մարդիկ են կռվելու այնտեղ»։
Բաղրյանը նշում է, որ պատրաստ են գնալ առաջնագիծ և պաշտպանել ՀՀ սահմանները։ Կորցրել են հայրենիքի մի մասը, սակայն պատրաստ են պաշտպանել մյուսը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։